Աղբիւր՝ www.yerkir.am

Տեղեկացրել ենք, որ Թուրքիայում 17 տարւայ ազատազրկման դատապարտւած պոլսահայ գրող, մտաւորական Սեւան Նիշանեանը երէկ փախել է «Ֆոչա» բաց բանտից: Նա  դուրս է եկել անվտանգութեան նւազագոյն միջոցառումներ իրականացնող բանտից եւ չի վերադարձել:

Յիշեցնենք, որ իշխանութեան դէմ իր սուր ելոյթներով յայտնի Նիշանեանին  ձերբակալել եւ դատապարտել էին իր սեփական պարտէզում «անօրինական» շինարարութիւն իրականացնելու համար: Նիշանեանը պարբերաբար քննադատում էր թուրքական-իշխանութիւններին` բացայայտ խօսելով  Հայոց ցեղասպանութեան մասին:

Նիշանեանի փախուստի մասին դրական արձագանքներ են հնչում: Փախուստին արձագանքել է նաեւ պոլսահայ յայտնի լրագրող Հայկօ Բաղդադը:

Նա իր Twitter-եան էջում գրել է,-«Եթէ Սեւան Նիշանեանն իսկապէս փախել է բանտից, հազար անգամ շնորհաւորում եմ»:

Յիշեցնենք, որ հայազգի գրող Նիշանեանը փախուստի մասին տեղեկացրել է  իր Թուիթերի էջում` գրելով. «Թռչնակը թռաւ. տարոսը մնացեալ 80 մլն-ին»: